Translate

Հետևորդներ

воскресенье, 5 ноября 2023 г.

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ


Սպարտակ Բակունց- Հայացքների Պայքար: Գորիսեցի ստեղծագործողներից:

Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսություն ինստիտուտը: Աշխատում էր գյուղվարչությունում որպես գլխավոր տնտեսագետ: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Ստեղծագործել սկսել է պատանեկան տարիներից, սակայն իր կենդանության օրոք չի թակել թերթերի, ամսագրերի, հրատարակչությունների դռները և չի տեսել իր բանաստեղծություններից գոնե մեկը տպագրված:


Ժողովածուն ի մի է բերում զոհված բանաստեղծի ստեղծագործության հիմնական կողմերը և գեղեցիկ հուշարձան է նրա հիշատակին:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքը, որի համար կոչված էին, և դրանով շարունակելու է մեզ ապրել և նրանց հեղինակը:
Ընդամենը 37 տարեկանում, ինչպես ասում են՝ բանաստեղծական հասակում  մենք հրաժեշտ տվեցինք իր կյանքը լիարժեքորեն չապրած, իր ստեղծագործական մտահղացումները լիովին չիրականացրած, իր վաստակի գնահատությունը չտեսած մի բանաստեղծի, ում եղերաբախտ ճակատագիրը թեեւ վաղաժամ հանձնեց ծննդավայրի՝ իրեն ծնած ու սնած հողին, բայց նախասահմանեց հիշարժան ստեղծագործություններով շարունակելու գրական ուղին… 
Սպարտակ Բակունցը բանաստեղծ էր ծնվել, բայց հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը նրան գտավ հայրենի Վերիշենում՝ դպրոցի շենքի մոտ, ուր համադասարանցիներով հավաքվել եւ նշում էին դպրոցն ավարտելու 20-ամյակը: 1992 թվականի օգոստոսի 8-ն էր: Հրետանային այդ գրոհը Գորիսից 5 զոհ տարավ. մեկը Սպարտակ Բակունցն էր…
Գիրքը՝ «Հայացքների պայքար» խորագրով, լույս տեսավ մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով եւ Նիկոլայ Մանուկյանի (Նիկօ) անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը մեծագույն պատասխանատվությամբ տպագրության էր նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը:
Սպարտակ Բակունցը ուներ նաև երկու քույր՝ Սուսաննա Խաչատրյանը, Սվետլաննա Խաչատրյանը, ավագ եղբայր՝ Սուրեն Խաչատրյանը՝ պապս:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքըորի համար կոչված էին:

Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ու չգիտեմ՝ այնտեղ
Ինչն ինչպես է լինում,
Օրն ինչպես է մթնում,
Լույսն ինչպես է բացվում:
Ով ինչու է խնդում,
Ով ինչու է լալիս
Եվ ով ինչի համար,
Ում ինչպես է նայում…
Դեռ ապրի՞լ է այնտեղ
Կամ՝ ե՞րբ կգա մայիս:

Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ես նայել եմ երկար
Ու համոզվել հաստատ,
Որ ծիլերն էլ այնտեղ
Կարմիր պիտի լինեն:

***
Ով՝ ճշմարիտ, կամ ով՝ սխալ,
Սերունդները կբարբառեն:
Մեզ մնում է ոչ թե ծխալ,
Այլ՝ հայտնապես բոցավառվել:

Նետել ամեն, ամեն պատյան,
Չհագցնել ստին վեղար,
Օծվել նորին ճշմարտությամբ,
Ոչ թե եղծվել՝ հանց աբեղա:

Բավական է, էլ ի՞նչ աստված,
Ի՞նչ <<տեչ, մեղա>>, <<Հավատո սյուն>>…
Աստված ի՞նչ է՝ խաչված պատրանք,
Իսկ մենք խաչվել էլ չենք ուզում:

Բա՛վ է, բա՛վ է, բա՛վ է կառչել
Աստծու անմիտ այն բարբաջին,
Իբրև պետք է ձախը շրջել,
Թե ապտակ են տալիս աջին:

Դատողությունն ու՞ր է առողջ…
Ու՞ր էր <<Աստծո դատաստանը>>,
Երբ անարդար <<աջը տիրոջ>>
Ծվատում էր Հայաստանը:

Հայտնվել են դատավորներ՝
Աստվածահաճ, բթահայաց,
Հալածում են անգթորեն…
Չեք հավատա… Գութը հայոց:

Դեռ արդար դա՞տ ակնկալել…
Իսկ ո՞ր դասին դատն այն դասել՝
Ուր վճիռը կանխակալ է…
Հանցակազմին ի՞նչ սպասել:

Ոչ արդար կա, ոչ մեղավոր… 
Այս ի՞նչ դատ է, ի՞նչ դատարան.
Կեղեքողին՝ քեի, քավոր…
Բողոքողին՝ դավ ու դարան:

Ուղեգորգեր՝ ասպատակին…
Արդարությունն աստանդական…
Ուրեմն ի՞նչ, ասպանդակե՞լ
Ու շեփորել <<ակն ընդ ակա՞ն>>:

Գուցե մորթե՞լ, չվարանե՞լ,
Նետել հնոց կամ վառարա՞ն,
Բռնաբարել ու խարանե՞լ,
Քան թարգմանվե՞լ անբառարան:

Գուցե վառվել… Չէինք վառվի
Խարույկներում մատյաններիս…
Գուցե սպանել… Չէինք սպառվի՝
Գութ հայցելով ատյաններից:

Գուցե… Գուցե… Ուշ է, անցած,
Դա չէր լինի ու չի եղել…
Ունեցել ենք փառքեր անանց,
Ունեցել ենք գաղթ ու եղեռն:

Բայց աշխարհի մեղաց միջից
Անհեթեթ է այնքան հնչում,
Որ մեկը միշտ մեղա կանչի,
Երբ ուրիշն է միշտ մեղանչում:

Ապավինել հին Լեթայի՞ն…
Ու չբացել դավը դարի…
Ներկան կոչել հեքիաթայի՞ն…
Չե՞մ նմանվի մտագարի:

Գիտեմ, նոր դատ կկայանա,
Ուր կդատեն հին ներկային…
Ի՞նչ երեսով ներկայանալ
Արդար դատին ապագայի:

***
Թե հագիդ շորը
Քեզ չի ջերմացնում
Ինչպես որ հարկն է,
Շորն ի՞նչ մեղք ունի.
Բուրդ չէ, բամբակ է:

Թե գայլի դնչին
Իջած աքացուց
Դունչը տափակեց՝
Ձին ի՞նչ մեղք ունի.
Ձիու սմբակ է:

Թե կոպիտ խոսքով
Մի անբիծ հոգի
Փորձեն ծանակել,
Խոսքն ի՞նչ մեղք ունի,
Խոսողն համբակ է:

Թե մի օր տեսնես,
Որ համբակները
Շուրջդ բանակ են,
Օրն էլ մեղ չունի՝
Համաճարակ է:

***
Թոթովում ես դու դեռ, բայց խոհուն ես այնքա՜ն,
Ասես՝ ապրել ես դու ամբողջ մի կյանք,
Ասես՝ մղել ես դու հայացքների պայքար,
Մերժել ամեն-ամեն օտար հոսանք:

Եղի՛ր դու միշտ ազնիվ ու ճշմարիտ, որդի՛ս,
Ճամփադ անցիր թեթև, նայիր առաջ,
Ու տապալի՛ր ճամփիդ, եթե ելնեն երթի
Բամբասանք ու քծնանք: Եղի՛ր միշտ քաջ:

Քո ճշմարիտ կյանքով եղի՛ր դու միշտ հպարտ,
Կյանքին նայիր հույսով, նայիր շիտակ,
Թող պապանձվե՛ն քո դեմ,
                          քո հայացքից անթարթ
Չարի ամեն-ամեն գետ ու վտակ:

***
Ուզում եմ հուշերս թղթին տալ՝
Մտքերս չեն տալիս բառերս…
Տխուր է, ուր որ է՝ պիտի լամ.
Չեն գալու էլ մանուկ օրերս:

Իսկ շա՞տ են մանկության հուշերս.
Գրիչս ձեռքիս մեջ դողում է:
Գիշեր է: Մարել են լույսերը.
Հուշերս շարունակ տեղում են:

Հուշերս շարունակ տեղում են.
Մտքերս չեն տալիս բառերս:
Հուզվում եմ: Ձեռքերս դողում են.
Չեն գալու էլ մանուկ օրերս:

***
Մի կարոտ՝ ձեռքերը երգերիս վրա
Եվ մի երգ՝ ձեռքը կարոտիս մեջ,
Մի երկինք՝ կապույտ-կապույտ,
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:

Երկնքում ամեն օր ճախրող
Մի լուսին ու մի արև,
Մի քամի՝ նրանց ճամփող
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:

Մի երկինք՝ վշտից լացող,
Եվ կայծակ, և հողմ, և որոտ.
Կարոտի մի երգ կա այդտեղ,
Կյանքի մի կարոտ:

***
Թիկնեի կարոտիս կանչերին,
Աչքերս սառեին սպասումից,
Շիկնեի իմ ներքին շանթերից,
Հայացքս հառեի լազուրին:

Ու հանկարծ տեսնեի այդ պահին,
Հրացայտ օվկիանում երկնքի՝
Թևածող մի ճերմակ աղավնի՝
Զորավոր պահանջով երկունքի:

Եվ իջներ ու որպես սպեղանի,
Լուռ երկներ ողերձը փոթորկիչ,
Հուզվեի բառերից գեղանի,
Բուրմունքից՝ թևավոր ցնորքի:

***
Ինձ ոչ ոք չօգնեց…
Ինձ ե՛ս կերտեցի
Եվ իմ կերտածն էլ հազիվ այսքան էր:

Լռել՝ չեմ կարող,
Խոսել՝ չեմ ուզում,
Իսկ լսելու էլ ժամանակ չունեմ:
Շտապում եմ, բայց…
Չեմ հասակնում՝ ու՞ր.
Ուզում եմ հոսել, հոսել՝ չսպառվել,
Լինել գետի պես, բայց ծով չթափվել,
Ուզում եմ կռվել, սակայն չսպանվել,
Ուզում եմ հարբել, բայց շուտ սթափվել,
Ամեն ինչի մեջ լինել չափավոր,
Նաև՝ չարանալ ամեն չափի դեմ…
Տաքանալ, վիճել,
Սակայն…
Չզիջել:

***
Իմ գարնան անձրև՜…
Թոն-թաց օրերիս միակ սփոփանք,
Իմ ջրե նազանք, իմ թաց երազանք…
Ո՞ր ամպին նայեմ, որ դու ինձ նայես,
Ի՞նչ սիրով սիրեմ, որ դու էլ սիրես,
Համբուրես նորից այտերս դալուկ,
Շշնջամ նորից անունդ տամուկ…

Իմ ծանո՛թ գարուն…
Իմ սուրբ մանկության մոռացված իմ սեր,
Իմ լքված երազ, մանկամարդ իմ երգ,
Իմ հոգնած թախիծ, իմ թախծոտ կարոտ…
Որտե՞ղ ես հիմա: Ո՞ր վայրում ծանոթ:
Ո՞ր երկնքի տակ որոնեմ ես քեզ,
Ի՞նչ ձայնով կանչեմ, որ ձայնս լսես,
Ո՞ր երգս երգեմ, որ ինձ հետ երգես,
Ո՞ր երազիս մեջ սպասեմ ես քեզ,
Ո՞ր մոլորակում, ո՞ր ճամփին բանուկ…
Իմ կանաչ գարուն… Իմ երազ մանուկ…

***
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ,
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի:
Քեզ իմ երազի մեջ եմ տեսել ես,
Իսկ դու արթմնի ինձ պարուրեցիր:

Ես՝ թափառական մտքերիս գերի,
Քեզ իմ մտքերի տերը դարձրի:
Քեզ իմ անառիկ ամրոցը բերի
Դու նշանաբան ինձնից հարցրիր:

Քեզ հմայք տվի՝ դու ինձ թովեցիր,
Քեզ անդորր տվի՝ ինձ խռովեցիր,
Քեզ եղեգի պես պիրկ ստեղծեցի,
Դու ուռենու պես ինձ խոնարհեցիր:

Քո հրապույրը ուրիշը չունի.
Թե ես հարբած եմ՝ դու ես այն գինին…
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ.
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի…


Հեղինակ՝ Լիա Բակունց 7ա դասարան

Комментариев нет:

Отправить комментарий

 

Wikipedia

Результаты поиска