Translate

Հետևորդներ

пятница, 1 декабря 2023 г.

Գորիսի ավանդական խոհանոցը

 

Դարեր շարունակ ապրելով քարանձավ-կացարաններում` գորիսեցին իր խոհանոցով խիստ զանազանվել է Հայաստանի մյուս շրջանների բնակիչներից: Ժայռափոր քարայրի ներսում` մուտքին մոտ, գտնվում էր թոնիրը, որն օջախի պահպանման հիմնական և կարևոր միջոցներից մեկն էր: Այստեղ տեղական ցորենից թխում էին Գորիսի հռչակավոր լավաշն ու բոքոնը, պատրաստում զանազան կերակուրներ, հատկապես կավե մեծ կճուճի մեջ մսով, ձավարով, լոբով և ոսպով եփած թոնրախաշը:

Գորիսեցիներն այսօր էլ շարունակում են պահպանել հին գորիսեցու խոհանոցը, նրա համն ու հոտը: Խնոցիով հարում են կաթ ու թան, ստանում կարագ, պանիր, շոռ ու մածուն, այլ կաթնամթերքներ, պատրաստում չորաթան: Հին գորիսեցին օգտագործել է երկանք` հաճարը մանրացնելու և ձավար ստանալու համար, որը եղել է ընտանիքի գրեթե ամենօրյա ուտելիքը: Այսօր էլ Գորիսի շատ գյուղերում այն շարունակում է մնալ կենցաղի մի մասը: Ըստ հատիկների մեծության` ձավարը բաժանվում` մեծ, միջակ ու մանր տեսակների: Մեծն օգտագործվում է թոնրաճաշի (թոնրի հարիսա), շիլաճաշի և փլավի համար:
Գորիսեցիները շատ սիրում են թոնրի կամ օջախի վրա դրված մետաղյա սաջի վրա բոված ցորենը, որն անվանում են աղանձ: Դրա հետ հաճախ խառնում են ընկույզ, դդմի կորիզներ, թթի չիր կամ չամիչ: Աղանձը ևս աղում են երկանքով, դարձնում փոխինձ, որն էլ օգտագործում են խաշիլ կամ մեղրով ու շաքարով պուտ պատրաստելու համար: Խաշիլի հետ մատուցվում են չորաթանի թան և հալած յուղ: Պուտը սովորաբար պատրաստվում է Սբ Սարգսի տոնին` Մեծ պասից առաջ:
Հարգված կերակուր է նաև ածիկը: Հատուկ ամանում ցորենի հատիկները ջրով թրջում են, պահում 2-3 օր, այնուհետև փռում և ջրով ցողում այնքան, մինչև երևան ցորենի ծիլերը: Հետո կիսածլած ցորենը ծեծում են, հյութը քամում և, վրան ալյուր ավելացնելով, եփում մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա: Դա քաղցր ուտելիք է, որը եփելուց հետո երկար պահում են և օգտագործում:
Ինչպես Հայաստանի բոլոր հայ օջախներում, այնպես էլ Գորիսում եփում են խաշ, խաշլամա, տոլմա, բոզբաշ, պատրաստում են խորոված և այլն: Սակայն մեր քաղաքում կան ճաշատեսակներ, որոնք բնորոշ են միայն Գորիսին: Դրանցից են, մասնավորապես, չորաթանից պատրաստված թանը, որը մատուցվում է սոխառած յուղով կամ անանուխով (նանա) ու չամանով, խաշիլը, Գորիսի սուտի տոլման, կաղամբով տոլման, կճախաշը, լոբավ շորվան, խնջլոզը, պեքին, ծեծած քուֆթան` հալած յուղով և այլն: Քուֆթայի միսը ծեծում են հատուկ` հարթ մակերեսով կլոր քարի վրա: Սովորաբար այդ քարի կողին նշված է լինում տվյալ օջախի տոհմածագման տարեթիվը:
Բացի մսեղեն և ընդեղեն կերակուրներից, պատրաստում են կանաչեղենով տարբեր ճաշատեսակներ, ինչպես, ասենք` ավելուկով, սիբեխով, բանջարով, դանդուռով, ծնեբեկով, փիփերթով և Գորիսի հարուստ բնության տարբեր օգտակար բույսերով: Դրանցից շատերը չորացնում են ու պահում ձմռան համար: Բացի այդ, գորիսեցիները մշտապես հավաքում և չորացնում են զանազան դեղաբույսեր ու հատապտուղներ` չաման, ուրց, մասուր, մոշ, մորի, զկեռ, ալոճ, սեզ և այլն, պատրաստում պահածոներ: Այդ ավանդույթները փոխանցվել են նախնիներից և այժմ էլ շարունակվում են:
Գորիսեցին միշտ ունեցել և այժմ էլ ունի իր փոքրիկ տնամերձ հողամասը: Մեծ հռչակ է վայելում Գորիսի լոբին: Հայտնի է ճխթթուն (ճախաթթու), որը պատրաստվում է կարմիր բազուկից ողջ ձմռան համար: Ամբողջ Հայաստանում հանրահայտ է Քարահունջի օղին, որը պատրաստվում է թթից, և նրա թորման պատմությունը գալիս է դարերի խորքից: Թթի օղու հայրենիք են համարվում նաև Որոտանի կիրճում գտնվող Շինուհայր, Խոտ, Հալիձոր գյուղերը: Այստեղ նաև հիանալի գինի են պատրաստում Հայաստանում լավագույնը համարվող տեղական սև խաղողից: Թթից պատրաստում են նաև դոշաբ, որն օգտակար է զանազան հիվանդությունների, մասնավորապես մրսածության դեպքում:
Գորիսի ավանդական խոհանոցը միշտ հիացրել է իր յուրօրինակ համ ու հոտով և բազմազանությամբ:


Նյութը՝ GORIS TODAY -ից

Պատրաստում ենք գորիսյան խաշիլ


 Բաղադրամասեր 

80 գ բոված ալյուր

30 գ հալած յուղ,

30 գ չորթան, 

աղը՝ ըստ ճաշակի 

Պատրաստման եղանակը 

Ցորենն ընտրել, թեթևակի բովել, սուրճաղացով աղալ և մաղել: Կաթսայում ջուր եռացնել, ըստ ճաշակի ավելացնել աղ, այնուհետև կաթսան կրակի վրայից վերցնել և պատրաստած ալյուրը (փոխինձը) խառնելով կամաց - կամաց դնել ջրի մեջ, որից հետո դնել մարմանդ կրակին և թողնել այնքան մամանակ, մինչև խաշիլը խտանա: Խաշիլը մատուցելիս վրան լցնել հալած յուղ և բաց արած թան:



 

Նախագծային աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն


Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ իրենից ներկայացնում է ստեղծագործական աշխատանք: Այն մի համակարգ է, որն իր մեջ ներառում է դասավանդողի և սովորողի միասնական և համատեղ գործողությունների ամբողջական շարք: Շատ կարևոր է նախագծային ուսուցումը սկսել արդեն իսկ կրտսեր դպրոցից, քանի որ կրտսեր դպրոցում է սկսում ձևավորել երեխայի անհատականությունը, աշխարհայացքը, սովորելու ցանկությունը: Նախագծային ուսուցումը աշխուժացնում է երեխաների վերաբերյալ նորանոր տեղեկատվություն ստանալու ցանկությունը: Սովորողը սկսում է աստիճանաբար դառնալ ինքնուրույն, անկաշկանդ:

ԱՇԱԿԵՐՏ (ՆԵՐ)

·        Բակունց Լիա Նարեկի, 7Ա

·         Հարությունյան Էլինա Հրայրի, 7Ա

·         Մալինցյան Ավետ Արամի, 7Ա

·         Շահնազարյան Էլեն Գարիկի, 7Գ

·         Մարտիրոսյան Մարի Աշոտի, 7Ա

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝

Ակադեմիական 

·         Հետազոտել տարածաշրջանի ընտանիքներում օգտագործվող բարբառը:

Արժեհամակարգ

·         Ներկայացնել մեծերի կողմից ներկայացված հիշողությունները:

Հմտություն

·   Ծանոթանալ տարածաշրջանի ազգային սովորույթներին, մշակույթին, խոհանոցին, խոսքուզրույցին, երգուպարին և այլն։

Կարողություն 

·         Սովորողների մասնակցությամբ նկարահանել հոլովակ սահիկաշար, պատրաստել, փոքրիկ ձեռնարկ՝ ձեռք բերված գիտելիքների իրազեկվածության և պահպանման վերաբերյալ։ 

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝

·         զարգացնել երեխայի մոտ ճանաչողական կարողությունները

·         զարգացնել ստեղծագործական-երևակայական մտածողության հմտություններ

·         քննադատական ստեղծագործական մտածողության հմտություն

·         ապահովել բարեկեցիկ միջավայր

·         զարգացենլ երեխայի մոտ ինքնադրսևորվելու կարողություն

Նախագծային աշխատաանքն իրականացվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Թեման ընտրվել էր «Գորիսի նյութական և ոչ նյութական արժեքները», որն իրականացվել է 7-րդ «Ա» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից: Այն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Գորիսի և նրա նյութական ու ոչ նյութական արժեքների մասին՝ պատմամշակութային կոթոթղների, բանավոր ավանդույթների, տարազի, ազգային սովորույթների, մշակույթի, խոհանոցի, խոսքուզրույցի, երգուպարի այլ արժեքների, որոնք մեր համայքի կյանքում մեծ կարևորություն ունեն: Սովորողները շրջայց են կատարել համայքի բնակիչներից մի քանիսի տանը, ծանոթացել ազգային հավատալիքներին, ընտանեկան սովորույթներին, նիստուկացին, հասարակական վարք ու բարքին, բարոյական նորմերին և այլն: Ստանալով բնակչության աջակցությունը, սովորողները իրենց մոտ գրի են առել այն արժեքները, որոնք մեր համայքում գտնվում են վերացման եզրին՝ փորձելով քայլեր ձեռնարկել դրանց վերացումը կանխելու ուղղությամբ:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական,  ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել  են իրար հետ, որոնել,  ուսումնասիրել, տարբերակել  և նախապատրաստելմ նյութեր պրեզենտացիայի համար։

Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը Գորիսի պատմության, ավանդույթների, տոների և բարբառի նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի մտերմացել, փորձեցել օգտակար լինել միմյանց, համախմբված էին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողանում էին ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝  նախագծի վրա աշխատելիս  առավել ցայտուն դարձավ սովորողների ունակությունները:

Արդյունքում սովորողները ծանոթացել են ավանդական ճաշատեսակներից մի քանիսի պատրաստման եղանակներին, (օրինակ՝ խաշիլ, թան) այլևս չկիրառվող մի շարք բարբառային  գորիսյան բառերի, ձեռք են բերել ծանոթության նոր շրջանակ և ամենակարևորը՝ էլ ավելի արժևորեւորելով իրենց համայնքի կարևորությունն ու գեղեցկությունը՝ իր նյութական և ոչ նյութական ողջ արժեքներով:

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝

·         սեփական կարծիքը ազատ արտահայտելու, հիմնավորելու կարողություն և հմտություն

·         ընկերների հետ շփվելու, աշխատելու կարողություն

·         նոր գիտելիներ, կարողություններ ձեռք բերելու ցանկություն

 Որպես վերջաբան

Կրտսեր դպրոցում նախագծի ուսուցումը սովորողի, յուրաքանչյուր անհատի համար դառնում է հենակետ հետագայում ավելի լուրջ հետազոտական աշխատանքով զբաղվելու համար, հանգեցնում է ստեղծագործական, քննադատական մտածողությանը, օգնում է իրականացնել անհատի ընդունակությունները, հետաքրքրությունները:

 

 

 

Նախագծայինի աշխատանքի ղեկավար ուսուցիչներ՝

 

Խաչատրյան

Ռուզաննա

 

 

Ղուլյան

Օլյա

 

 

 

Wikipedia

Результаты поиска